Թույլ տվեք ձեզ հիասթափեցնել. մե՜նք չենք ընտրում ընտրություններում։ Մեր փոխարեն ընտրում է մեր էվոլյուցիոն «ծույլիկ» ուղեղը,մեր նախնադարյան վախերը և քաղաքական տեխնոլոգների կողմից լաբորատորիաներում մշակված նեյրոնային թակարդները։
Որպես հոգեբան՝ առաջարկում եմ մի կողմ դնել քաղաքական կրքերն ու նայել հայելու մեջ՝ հասկանալու համար, թե ինչպես է աշխատում մեր ենթագիտակցությունը քվեախցիկում։
Լիմբիկ համակարգի դիկտատուրան
Ինչու՞ են ծրագրերը ձանձրալի, իսկ կրքերը՝ վաճառվող:
Մարդկությունը հպարտանում է իր բանականությամբ, բայց երբ հարցը վերաբերում է իշխանությանը, «բանական ուղեղը» (նեոկորտեքսը) զիջում է դիրքերը «էմոցիոնալ ուղեղին» (լիմբիկ համակարգին)։
Քաղաքական հաստափոր ծրագրեր կարդալն ու տնտեսական գրաֆիկներ վերլուծելը մեծ էներգիա է պահանջում։ Ուղեղը խնայում է այդ էներգիան։ Երբ թեկնածուն բեմից խոսում է վախի, վրեժի, ատելության կամ, ընդհակառակը, հեքիաթային հույսի մասին, նա ուղիղ հարվածում է ձեր լիմբիկ համակարգին։ Էմոցիոնալ այս ներարկումը ձևավորում է դոֆամինային թակարդ։ Դուք ընտրում եք ոչ թե մարդուն կամ նրա գաղափարը, այլ այն հաճելի կամ ապահով զգացողությունը, որն այդ պահին ձեզ «վաճառեց» տվյալ գործիչը։
Հոմոֆիլիայի էֆեկտ
Մենք ընտրում ենք նրանց, ովքեր մեզ նման են:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են քաղաքական գործիչները քարոզարշավների ժամանակ հանկարծ սկսում հեծանիվ քշել, լավաշ թխել, գյուղերում կլոր սեղանի շուրջ օղի խմել կամ խոսել տեղական բարբառով։ Դա դերասանություն չէ, դա ճշգրիտ նեյրոբիոլոգիա է։
Սոցիալական հոգեբանության մեջ գործում է Հոմոֆիլիայի էֆեկտը (նմանության-ձգողականության կանոն)։ Էվոլյուցիոն տեսանկյունից «մեզ նմանը» նշանակում է անվտանգություն (յուրային), իսկ «տարբերվողը»՝ վտանգ (օտար)։
Երբ տեսնում ենք մեզ պես հագնված, մեր խնդիրներից մեր բառապաշարով խոսող գործչի, մեր ուղեղում ակտիվանում են հայելային նեյրոնները (Mirror Neurons)։ Մենք ենթագիտակցորեն ազդանշան ենք ստանում. «Նա ինձ նման է, ուրեմն նա անվտանգ է, ուրեմն նրան կարելի է վստահել»։ Քաղտեխնոլոգները պարզապես ձեզ ցույց են տալիս մեր իսկ հայելային արտացոլումը։
ՆԼԾ և ճանաչողական թակարդներ. ինչպե՞ս են մեզ «ծրագրավորում»
Այն, ինչ մեզ թվում է անկեղծ, հանպատրաստից ելույթ, հաճախ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման (ՆԼԾ) դասական հնարք է։
«Հայելային արտացոլում և առաջնորդում». Գործիչը բեմից ասում է 3-4 պնդում, որոնց հետ մենք չենք կարող չհամաձայնել. «Ես գիտեմ, որ դուք հոգնել եք ստից, ես գիտեմ, որ գները թանկանում են, ես տեսնում եմ ձեր ցավը»։ Մեր ուղեղը ներքուստ ասում է՝ «այո, այո, այո»։ Չորրորդ քայլով նա տալիս է իր հիմնական թեզը. «Եվ միայն ես կարող եմ դա փոխել»։ Ուղեղն արդեն հիպնոսացված իներցիայով սրան էլ է «այո» ասում։
Պոզիտիվ և նեգատիվ խարիսխներ
Սա լեզվական կոդավորում է։ Իրենց անվան հետ նրանք անդադար կապում են «խաղաղություն», «հարստություն» «արժանապատվություն», «ապագա» բառերը, իսկ հակառակորդների անվան հետ՝ «դավաճան», «թալանչի», «անցյալ»։ Այս բառերը կրկնվում են հազարավոր անգամներ, մինչև մեր ուղեղում ձևավորվում է կայուն ռեֆլեքս։
Միանալու էֆեկտ . Մարդը սոցիալական էակ է և սարսափում է մարգինալացումից (մենակ մնալուց)։ Երբ մեզ համոզում են, թե «բոլորն ընտրում են X-ին», կամ «Y-ը հաստատ հաղթում է», մեր կոնֆորմիզմի բնազդն ակտիվանում է, և մենք վազում ենք մեծամասնության հետևից՝ սեփական կարծիքը լռեցնելով։
Ինչպե՞ս փրկել սեփական ընտրությունը. 60 վայրկյանի կանոնը
Այս օրերին մեր էմոցիոնալ դաշտը ռմբակոծվում է բոլոր կողմերից։ Սոցցանցերի ալգորիթմները գիտեն մեր յուրաքանչյուր վախը և մեզ ցույց են տալիս հենց այն թիրախային հոլովակները, որոնք մեզ կամ կվախեցնեն, կամ կոգևորեն։
Եթե ուզում եք լինել իրականում ազատ և կատարել ՁԵՐ ընտրությունը, այլ ոչ թե քաղտեխնոլոգների, կիրառեք հոգեբանական հիանալի մի գործիք՝ «60 վայրկյանի կանոնը»։
Երբ հերթական հոլովակը դիտելուց կամ ելույթը լսելուց հետո զգաք, որ ձեր ներսում բարկության, ատելության, վախի կամ անդրդվելի էյֆորիայի ալիք է բարձրանում, անջատեք էկրանը։ Ուղիղ 60 վայրկյան խորը շնչեք։ Թույլ տվեք, որ էմոցիոնալ հորմոնները նահանջեն, լիմբիկ համակարգը հանդարտվի, և ակտիվանա բանականությունը։
Այդ մեկ րոպեից հետո ինքներդ ձեզ տվեք ընդամենը մեկ հարց. «Իսկ ո՞րն էր այս խոսքերի մեջ չոր, փաստացի և չափելի ապացույցը»։
Մի՛ եղեք մանիպուլյացիաների զոհ։ Թույլ մի՛ տվեք, որ ձեր էվոլյուցիոն բնազդները որոշեն ձեր ու ձեր երկրի ապագան։ Քվեախցիկ մտեք սառը գլխով, որովհետև էմոցիաները կանցնեն, իսկ ընտրության հետևանքները՝ կմնան։
Արփի Վանյան